Հայաստանն այս տարի չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար» երգի մրցույթին

«Սլավյանսկի բազար» երգի մրցույթ
Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ քաղաքական թնջուկը կունենա իր հանգուցալուծումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի պատվիրակությունն այս տարի չի մասնակցի «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին, որը կայանալու է Բելառուսում։ Տեղեկությունը հայտնում է մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակության ղեկավար, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13–ին ԱԺ–ում հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյան չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։
«Նկատի ունենալով ՀՀ վարչապետի հայտարարությունը` մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը որոշում է կայացրել չմեկնել Բելառուս և մասնակցություն չունենալ այս տարի հուլիսի 8-18-ը Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթին»,– ասված է հաղորդագրությունում:
Նա միաժամանակ նշել է, որ աշխարհի բոլոր ժողովուրդներին միավորում է մեկ լեզու՝ մշակույթը, ուստի անհնար է չգնահատել տարիներով ստեղծված հայ-բելառուսական մշակութային հարաբերությունները:
«Լիահույս ենք, որ ստեղծված քաղաքական թնջուկը մոտ ապագայում սիրո և համերաշխության ճանապարհով կունենա իր հանգուցալուծումը և կշարունակվեն երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները»,– ընդգծել է Կիրակոսյանը:
«Սլավյանսկի բազար» մրցույթում այս տարի Հայաստանի պատվիրակներն էին բազմաթիվ մրցույթների դափնեկիր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը և 9-ամյա Յանա Ստեփանյանը: