Գավառում Հայ-ռուսական երիտասարդական համաժողով է ընթանում

Գավառում Հայ-ռուսական երիտասարդական համաժողով է ընթանում
Միջոցառումը, որի համակազմակերպիչն է Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանը, այս տարի համախմբել է երկու երկրների 50 մասնակիցների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Գավառ քաղաքում բացվել է Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը՝ քննարկումների և համատեղ նախագծերի ստեղծման համար: Սա երկկողմ համագործակցության ավանդական միջոցառում է՝ ուղղված նոր ծրագրերի ստեղծմանը, երկու երկրների երիտասարդների միջև վստահելի կապերի կառուցմանը:
Համաժողովի մասնակիցներն են երիտասարդական հասարակական կազմակերպությունների 18-35 տարեկան ներկայացուցիչներ, երիտասարդական շարժումների առաջնորդներ, ուսանողներ, Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդական քաղաքականություն իրականացնող կառույցների ներկայացուցիչներ: Նրանք կկարողանան փորձի փոխանակում կատարել և ստեղծել նոր ձևաչափեր համատեղ ծրագրեր իրականացնելու համար։
Համաժողովի ընթացքում նախատեսվում է զուգահեռ բանավիճային ուղիների շրջանակում աշխատանք անցկացնել և երեք ուղղություններով գործնական աշխատանք կատարել:
- երիտասարդական ձեռներեցություն;
- երիտասարդական քաղաքականությունը Ռուսաստանում և Հայաստանում;
- երիտասարդական գործունեությունը բուհերում և երիտասարդության քաղաքացիական ակտիվությունը:
«Այս տարի Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը հոբելյանական էր։ Մենք անցկացնում ենք այն արդեն տասներորդ անգամ։ Սա եզակի հարթակ է փորձի փոխանակման և նոր գաղափարների գեներացման համար: Համոզված եմ, որ համատեղ միջազգային ուսանողական նախագծերը ոչ միայն կամրապնդեն երիտասարդների միջև բարեկամությունը, այլև կնպաստեն մեր երկրների ներուժի զարգացմանը», - ասել է Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ռեկտոր Դմիտրի Բեսպալովը:
Հայ-ռուսական համաժողովը բացվել է հունիսի 25-ին և կշարունակվի մինչև հունիսի 28-ը: Քննարկումների հարթակների աշխատանքներին մասնակցելուց բացի, համաժողովի մասնակիցները կծանոթանան Գավառի երիտասարդական ենթակառուցվածքներին, ինչպես նաև Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին:
Հավելենք, որ Գավառը 2024 թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաքն է։