ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Երրորդ երկրներից ՀՀ ներմուծվող մի շարք ապրանքներ միասնական ռեեստրում այլևս չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2024 թ. մայիսի 21-ին ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համապատասխան որոշումը, որի համաձայն` ՀՀ–ն միանում է ՌԴ–ի և Ղազախստանի համար սահմանված կարգավորումներին։
«Որոշման արդյունքում երրորդ երկրներից ՀՀ տարածք մի շարք ապրանքների ներմուծման դեպքում միասնական ռեեստրում երրորդ երկրների ձեռնարկությունների գրանցման առկայությունը չի պահանջվում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այդ ապրանքատեսակներն են՝ կաթ և սերուցք, թան, կտրված կաթ, յոգուրտ, կեֆիր, կաթնային շիճուկ, սերուցքային կարագ և կաթից պատրաստված այլ ճարպեր ու յուղեր, կաթնային մածուկներ, պանրի տեսակներ և կաթնաշոռ, հալած պանիրներ, թռչնի ձվեր՝ կճեպով, թարմ, պահածոյացված կամ եփված, պաղպաղակ՝ բացի պտղահատապտղային հիմքով մշակված պաղպաղակից, մրգային և սննդային սառույցից, կազեին, կազեինատներ և կազեինի այլ ածանցյալներ։
Որոշումն ուժի մեջ է մտել 2024 թ. հունիսի 22–ից։