Չինաստանի և Հնդկաստանի հետ աշխատում ենք Հյուսիսային ծովային ճանապարհի ուղղությամբ. Լավրով

ՌԴ արտգործնախարարը կարծում է, որ Եվրասիայում բավականաչափ շատ նախագծեր կան, որպեսզի տարածաշրջանի երկրներն իրենք կարողանան ակտիվորեն օգտագործել իրենց բնական, մրցակցային առավելությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Ռուսաստանը Չինաստանի և Հնդկաստանի հետ միասին աշխատում է Հյուսիսային ծովային ճանապարհի արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ Եվրասիական ենթակառուցվածքի յուրացման համատեքստում։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի ժամանակ։
Առարկում են նրանք, ովքեր ագրեսիա են ծրագրում․ Լավրովը՝ ՌԴ-ԿԺԴՀ պայմանագրի արձագանքի մասին
Նախարարը հիշեցրել է ՉԺՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրված միջկառավարական համաձայնագրի մասին, որը վերաբերում է մի կողմից չինական «Գոտի-ճանապարհ» նախաձեռնության զարգացման գործընթացների զուգակցմանը, մյուս կողմից՝ ԵԱՏՄ հովանու ներքո ինտեգրման զարգացման գործընթացներին:
«Մենք, ՉԺՀ-ի հետ միասին, չենք սահմանափակվում միայն Եվրասիայի զարգացման խնդիրների այդ կողմերով։ Չինաստանը ՇՀԿ անդամ է, իր հարաբերություններն ունի նաև այլ ինտեգրացիոն միավորումների, այդ թվում՝ ASEAN-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) հետ»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Եվրասիայում բավականաչափ շատ նախագծեր կան, որպեսզի տարածաշրջանի երկրներն իրենք կարողանան ակտիվորեն օգտագործել իրենց բնական, մրցակցային առավելությունները։
«Մեզ փորձում են շեղել այդ ճանապարհից, մեզ հետ փորձում են հեռվից մրցակցել»,-նկատել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք, որ Հյուսիսային ծովային ճանապարհը Սուեզի ջրանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ավելի ու ավելի հաճախ է դիտարկվում որպես այլընտրանքային երթուղի։ Առաջին թեստային կոնտեյներատարը դրանով անցել է 2013 թվականին։ Շանհայից բեռները Ռոտերդամ են հասել երկու շաբաթ ավելի արագ, քան սովորաբար տեղի է ունենում Սուեզով փոխադրման ժամանակ:
Լավրովը և Վան Ին քննարկել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունը
Այսօր այդ ճանապարհով փոխադրումները բարդացել են մի շարք պատճառներով․ պետք է սառցե դասի նավատորմ զարգացնել, կառուցել սառցահատներ, զարգացնել ենթակառուցվածքներ և այլն: Որպեսզի Հյուսիսային ծովային ուղին Սուեզին իրական այլընտրանք դառնա, հարկ կլինի մի շարք աշխարհաքաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական խնդիրներ լուծել: