ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Ռուս-չինական միջազգային զորավարժություններ են անցկացվել Ամուր գետի վրա՝ Բլագովեշչենսկ-Հեյհե անդրսահմանային ավտոմոբիլային կամրջի մոտ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մերձամուրյան շրջանի կառավարությանը։
«Բլագովեշչենսկում՝ սահմանային Ամուր գետի վրա, Բլագովեշչենսկ-Հեյհե միջազգային կամրջի շրջանում անցկացվել են ռուս և չինացի սահմանապահների համատեղ զորավարժությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Զորավարժությունների ծրագրի համաձայն՝ սահմանապահները պետք է ձերբակալեին երկու կողմից պետական սահմանը հատելու փորձ անող սահմանախախտների։ Նրանց կանգնեցրել են պահնորդական մոտորանավակերով և օդային բարձիկներով նավերով տեղաշարժվող թիմերը։
Պայմանական սահմանախախտներին, որոնք կարողացել էին հասնել ցամաք, սահմանապահները ձերբակալել են նաև ափին։ Զորավարժություններին մասնակցել են երկու պետությունների հարյուրից ավելի սահմանապահներ։
«Ռուս և չինացի զինծառայողների համատեղ գործողությունների արդյունքում պետական սահմանն ապօրինի հատելու փորձը կանխվել է, պայմանական սահմանախախտները ձերբակալվել են, դրված նպատակները կատարվել են»,-ասել է ՌԴ ԱԴԾ Ամուրի շրջանի սահմանապահ վարչության աշխատակից Սերգեյ Վյատկինը: Վարժանքն անցել է բարձր մակարդակով, այն ռուս և չինացի սահմանապահներին թույլ է տվել մշակել փոխգործակցությունը պետական սահմանը խախտելու փորձերի ժամանակ:
«Բլագովեշչենսկի և Հեյհեի շրջանում տեղակայված են մի քանի կարևոր անդրսահմանային օբյեկտներ՝ միջազգային կամուրջ, գազատար, էներգակամուրջ։ Կառուցվում է ճոպանուղի, որը մենք կգործարկենք հաջորդ տարի։ Ուստի անվտանգության հարցերն առաջին պլան են մղվում»,-ասել է շրջանի մարզպետ Վասիլի Օռլովը։
Նրա կարծիքով՝ զորավարժությունները հաջող են անցել, բոլորը բարձր մասնագիտական հատկանիշներ են ցուցաբերել։