Ո՞վ է իրավունք տվել դրսից սնվող ակնհայտ ժամանակավոր աշխատողներին վիրավորել իրենց ժողովրդին․Զախարովա

Sputnik
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայ ժողովրդի նկատմամբ վիրավորանք է համարել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե Ռուսաստանը Արցախը վերցրել է Հայաստանից ու վերադարձրել Ադրբեջանին։
«Լինելով իշխանության ներկայացուցիչներ՝ նման գործիչները նվաստացնում են սեփական ժողովրդին։ Հայաստանի քաղաքացիներն իրենց արյամբ պաշտպանել են իրենց տարածքը։ Հայաստանի՝ որպես պետության գաղափարախոսությունը երկար տարիներ կառուցվել է այս թեզերի վրա, նրանք գիտեին, թե ինչի համար են մարտի գնում, ինչի համար էին իրենց կանանց ու երեխաներին դատապարտում այրիության ու որբության։ Ինչպե՞ս կարելի է այդքան ցինիկ կերպով դավաճանել նրանց հիշատակը, զրոյացնել այն, ինչը նախկինում և, կարծում եմ, հիմա էլ Հայաստանում սխրանք է կոչվում։ Ո՞վ է իրավունք տվել դրսից սնվող ակնհայտ ժամանակավոր աշխատողներին վիրավորել իրենց ժողովրդին»,-ասել է Զախարովան։
«Ինձ համար զարմանալի է, թե ինչպես մարդիկ կարող են իրենց բազմաչարչար ազգի պատմական հիշողությանը վերաբերվել այդքան նվաստացուցիչ կերպով»,-հավելել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։