«Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, և արտատարածաշրջանային դերակատարների մուտքը Հայաստան «հետևանքներ կունենա»,-«Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտափորձագիտական 10-րդ համաժողովում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական վեկտորը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք։
Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտախորհրդարանական չորս քաղաքական ուժերի առաջարկով հունիսի 21-ին հրավիրել է «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնց կազմակերպիչները պնդում են, որ սեպտեմբերին անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե։
«Այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձեցումից, պետք է ընկալել որպես վճար, որը մենք տալիս ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար։ Հետևաբար, ինչ-որ արտատարածաշրջանային խաղացողների գալն այնտեղ, իհարկե հետևանքներ կունենա։ Մենք այստեղ նվերներ չենք բաժանում։ Մենք շահագրգռված ենք կայուն Հայաստանով, լավ առևտրային հարաբերություններով, լավ եղբայրական հարաբերություններով»,-ասել է Օվերչուկը։
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ևս Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ԵԱՏՄ-ն ու Եվրամիությունը անհամատեղելի են, իսկ Հայաստանը ԵԱՏՄ-ից միանշանակ մեծ օգուտներ ունի։ «Հայաստանի արտահանման հիմնական շուկան ԵԱՏՄ-ի շուկան է»,-արձանագրում է Արամյանը