ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Վեդիում չնչին հարցի շուրջ պարզաբանումների ժամանակ 71-ամյա տղամարդը դանակով մահացու մարմնական վնասվածք է պատճառել հարևանին, որից վերջինս մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հունիսի 21-ին՝ ժամը 16:21-ին, «Վեդի բժշկական կենտրոնից» հաղորդում է ստացվել այն մասին, որ Կասյան փողոցի շենքերից մեկի բակում դանակահարության հետևանքով ստացած կրծքավանդակի ձախ կեսի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 62-ամյա տղամարդ:
Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ նշված օրը՝ ժամը 15:55-ի սահմաններում, շենքի բակում երկու հարևաններն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում 71-ամյա տղամարդը դանակով հարվածել է 62-ամյա հարևանին՝ որովայնի շրջանում պատճառելով կտրած ծակած թափանցող երկու վերք՝ սուր ներքին արյունահոսությամբ։
Բժշկական կենտրոնում տուժողը վիրահատվել է, դրանից ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 71-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 15-րդ կետերով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ անձին ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որը անզգուշությամբ առաջացրել է մահ):
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար։ Միջնորդությունը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է։