ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը նախատեսում է հստակեցնել եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության անցնելու պայմանները։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
Գործող օրենսդրությամբ, երբ երկրորդ եղբայրը զորակոչվում է բանակ, ապա հնարավորություն է ընձեռված դիմել և ծառայել իր եղբոր մոտ նույն զորամասում, սակայն եթե այդ ժամկետը 17 ամսից ավելի է՝ օրենսդրությունը թույլ չի տալիս, որպեսզի այդ ժամանակ զորակոչվածը եղբոր մոտ ծառայի։
«Մենք ժամանակն ենք ավելացնում, որպեսզի 2 եղբայր կարողանան միասին նույն զորամասում ծառայություն իրականացնել, անգամ եթե 17 ամիսն անցել է»,-ասաց Արման Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ իր կարծիքով դա բարելավող նորմ է զինծառայողների համար։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչու են հիմա այս նախագիծն օրակարգ մտցնում, ոչ թե օրինակ ապրիլին։ Նա հիշեցրեց, որ երեկվանից սկսվել է ամառային զորակոչը, ու մինչև նախագիծը բոլոր քննարկումներն անցնի, ընդունվի, կարող է արդեն շատերի համար ուշ լինել։
Սարգսյանը նշեց, որ հուլիսի 11-ին է նախագիծը քննարկվելու ու նախատեսում են 24-ժամյա ռեժիմով քննարկել։ Փոխնախարարը հույս հայտնեց, որ կհասցնեն ծրագիրն ընդունել ժամանակին։