ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայերին

Բաքվում պահվող հայերը հնարավորություն են ունեցել կապ հաստատել նաև ընտանիքի անդամների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցները հերթական անգամ այցելել են Բաքվում պահվող բոլոր հայերին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հունիս ամսին հերթական տեսակցություն եղել է բոլոր հայերին, որոնք պահվում են Ադրբեջանում և որոնց անունները մեզ հաստատել են Ադրբեջանի իշխանությունները»,– ասաց Ամատունին։
Նա ընդգծեց, որ Բաքվում պահվող հայերը հնարավորություն են ունեցել կապ հաստատել նաև ընտանիքի անդամների հետ։
Տարբեր միջոցներ կան կապ հաստատելու համար` հեռախոսազանգեր, տեսաուղերձներ, նամակներ։
Նշենք, որ վերջին անգամ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել էին մայիսին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 5-ի դրությամբ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։