Հունիսի 7-ին Հանքավանում մեկնարկել էր Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 225-ամյակին նվիրված լեզվի ամառային դպրոցը:
Այստեղ ամեն ինչ պլանավորված էր՝ վերկաց, վարժություններ, սնունդ և դասեր: «Լուսաբաց» ճամբարը համախմբել էր 9-13 տարեկան 50 արցախցի երեխաների։
Կազմակերպիչները, ուսուցիչներն ու խորհրդատուները խոստովանում են, որ սկզբում երեխաները տագնապով ու կասկածով էին վերաբերվում ճամբարային կյանքին, բայց հիմա բաժանվելիս չեն կարողանում զսպել արցունքները:
Ճամբարի երեխաները
Տասներեքամյա Սերգեյ Աղաջանյանը ծրագրի մասնակիցներից է։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ ընտանիքի հետ Լեռնային Ղարաբաղից բռնի Հայաստան է տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերին։ Ընտանիքը հաստատվել է Արարատի մարզի Նիզամի գյուղում։ Սերգեյը վեց եղբայրների ու քույրերի մեջ ամենամեծն է։
«Ես արդեն գրեթե ինտեգրվել եմ Հայաստանում, ընկերներ եմ գտել։ Միայն հայրիկն է աշխատում, բայց բավական է ապրելու համար: Ճամբարում շատ ուրախ է անցնում, չեմ ուզում գնալ: Ինձ դուր են գալիս խաղերն ու ռուսաց լեզվի դասերը»,- պատմում է Սերգեյը։
Սերգեյ Աղաջանյան
© Sputnik
Նրա հասակակից Նարե Հայրապետյանը ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից է։ Նա նույնպես գոհ է ճամբարի պայմաններից և ուսուցումից։ Այժմ Նարեն ընտանիքի հետ ապրում է Մասիս համայնքի Հովտաշատ գյուղում։ Նա նշեց, որ ճամբարն օգնել է իրեն նոր ընկերներ գտնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների շրջանում։ Չնայած գյուղում ընկերներ ունի, բայց այստեղ ծանոթացել է նրանց հետ, ովքեր անցել են իր հետ նույն դժվարությունների միջով:
Նարե Հայրապետյան
© Sputnik
«Ողջ կյանքում կհիշեմ այն ջերմությունն ու սերը, որ մեզ պարգևեցին ջոկատավարները, ուսուցիչներն ու կազմակերպիչները», — ասաց Նարեն:
Ճամբարի ամենակրտսեր մասնակիցը ութամյա Մարիամ Աղաջանյանն է: Ճամբարում աղջիկը սիրում է բացարձակապես ամեն ինչ, և նա արդեն մի փոքր տխրում է նոր ընկերների հետ առաջիկա բաժանման պատճառով:
Առօրյան
Վերկացը՝ առավոտյան 08:30-ին, վարժություն, նախաճաշ և սանիտարական ժամ: Այնուհետև օրը երկու անգամ ռուսաց լեզվի դասընթացներ են անցկացվում, բայց անպայման խաղային ձևով, Sputnik Արմենիային ներկայացրեց «Լուսաբաց» մանկական ճամբարի ջոկատավար Աստղիկ Հարությունյանը։
Աստղիկ Հարությունյան
© Sputnik
Նա արդեն երրորդ տարին է աշխատում ճամբարում։ Աստղիկը նշում է, որ այս երեխաները տարբերվում են մյուսներից. նրանց աչքերում տագնապ կա, երևում է, որ նրանց համար հեշտ չի եղել:
Դասերի միջև ընդմիջումների ժամանակ երեխաները խաղում են կամ այլ միջոցառումների մասնակցում: Նրանք վերջերս այցելել են Ռուսական արվեստի թանգարան և «Սահակյանց» անիմացիոն ստուդիա։ Երեկոյան լինում են դիսկոտեկներ կամ կրթական ֆիլմերի և մուլտֆիլմերի ցուցադրություններ։
«Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ երեխաները շեղվեն իրենց ծանր ապրումներից, փորձում ենք նրանց օրը դրական էմոցիաներով լցնել։ Հաճախ ենք հիշում Արցախը և երգեր երգում։ Նման պահերին նրանց աչքերը խորը տխրությամբ են լցվում», - ասաց Հարությունյանը։
Ռուսաց լեզվի ուսուցչուհի Էմիլիա Գալստյանը նշեց, որ բանավոր խոսքի, ընթերցանության, հիշողության և առոգանության զարգացման համար խաղային մեթոդների կիրառմամբ ռուսաց լեզվի պարապմունքներն անցկացվել են ամեն օր: Նրա կարծիքով, բոլոր երեխաները շատ տաղանդավոր են, չնայած նրանց պատրաստվածության մակարդակը կարող է տարբեր լինել:
Էմիլիա Գալստյան
© Sputnik
«Դասավանդման մեթոդիկան հիմնականում խաղային է, որովհետև սա ճամբար է և երեխաների հետ գործ ունենք։ Դասերն ուղղված են ինտերակտիվ հաղորդակցությանը և Պուշկինի ստեղծագործության հետ ծանոթությանը՝ նրա հեքիաթների միջոցով: Մենք փորձում ենք առաջին օրերից շատ խոսել ռուսերեն», - նշեց Գալստյանը։
Նա խոստովանեց, որ իրեն շատ զարմացրել է, երբ երեխաները մոտավորապես չորրորդ դասից խնդրեցին տնային աշխատանք տալ, որ լավ յուրացնեն նյութը:
Ժամանցը
«Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպության առաջատար փորձագետ Վիկտորյա Բիլոուսովան Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ճամբարում հագեցած ստեղծագործական ծրագիր է կազմակերպվել։ Այն ներառում է մշակութային և լուսավորչական մոդուլներ, արտ-թերապիա և թատերական ստուդիայի դասընթացներ, որոնք օգնում են զարգացնել հաղորդակցման, ինքնաներկայացման, թիմային աշխատանքի հմտությունները և բացահայտել դեռահասների ստեղծագործական ներուժը:
Վիկտորյա Բիլոուսովա
© Sputnik
Օրինակ՝ օրեր առաջ երեխաները մեծ ժամանցային ծրագիր ունեին. ճամբար էին եկել անիմատորներ և աճպարարներ, երեխաները մասնակցում էին կրակի և կրիո (սառցե) շոուների։
«Ծրագիրը մշակվել է, որ օգնի նրանց վերականգնվել վերապրած իրադարձություններից հետո։ Հուսով ենք, որ դա իսկապես կօգնի և կաջակցի նրանց», - ասաց Բիլուսովան։
«Ռուսական հումանիտար առաքելության» արտաքին կապերի և զարգացման առաջատար մասնագետ Արսենի Բրոնինը նշեց, որ ամառային լեզվի դպրոցի ձևաչափով ճամբար անցկացնելու գաղափարը պատահական չի առաջացել: Այն հիմնված է արտերկրում կազմակերպության երկարամյա փորձի և դժվարին ժամանակներում Լեռնային Ղարաբաղին ցուցաբերած օգնության վրա։
Նախագիծը ֆինանսական աջակցություն է ստացել «Ռոսատոմ» պետական կորպորացիայից։ 20 օրվա ընթացքում երեխաները ոչ միայն սովորում էին ռուսերեն, այլև անցնում էին թերապևտիկ մոդուլներ և արտ-թերապիա՝ թիմում ավելի լավ սոցիալականացման համար:
Արսենի Բրոնին
© Sputnik
«Խոսքը կերպարվեստի, թատերական ստուդիայում պարապմունքների, երաժշտության, դերասանական վարպետության միջոցով ինտեգրվելու մասին է։ Դրանք մի տեսակ համակցված են մեկ համալիրի մեջ։ Մենք 20 օրվա ընթացքում փորձել ենք այնպես անել, որ երեխաները կարողանան արտահայտվել, ավելի ազատագրված զգալ միմյանց հետ շփվելիս, մեծերի հետ շփվելիս», - ասաց Բրոնինը։
Ճամբարում նաև փոքրիկ ինտերակտիվ դասախոսություն անցկացվեց, որտեղ երեխաները փորձեցին իրենց լրագրողի դերում:
Վերջին օրը ճամբարականները փոքրիկ բեմադրություններ ներկայացրեցին Պուշկինի հեքիաթների հիման վրա:
Աշոտ Ավետիսյան
© Sputnik
«Լուսաբաց» ճամբարի տնօրեն Աշոտ Ավետիսյանը նշեց, որ ճամբարն առաջին անգամ չէ, որ ընդունում է երեխաներին Լեռնային Ղարաբաղից։ 1990-1994 թվականներին ամեն տարի ճամբարում հանգստացել է արցախցի 1300։ Պատերազմից հետո տարեկան 150 երեխա էր գալիս։ Սակայն 2020 թվականի ողբերգական իրադարձություններից հետո, երբ Արացխի ողջ բնակչությունը ստիպված էր տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, սա «Լուսաբացում» հանգստացող երեխաների առաջին հոսքն է։
Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված է Արցախից տեղահանված 101 848 մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա: Մարզերում բնակվում է 72 626 տեղահանված անձ, մնացածը Երևանում են։