ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայաստանը ներկայացնող ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիրը վաստակեց։
Կիսաեզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը ոչ մի շանս չտվեց ռումինացի Լուիս Վլադին, ու հաղթելով 8։0 հաշվով` նա վաղը կգոտեմարտի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար։ Ընդ որում` եզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցը լինելու է ադրբեջանցի Թուրան Դաշդամիրովը։
Մխիթարյանը այս մրցումներում ոչ մի միավոր չի տվել մրցակիցներին` սկզբում 9։0 հաշվով հաղթել է լեհ Պատրիկ Կրոբսկիին, ապա քառորդ եզրափակիչում նույն հաշվով հաղթել է շվեյցարացի Լերվին Մեյերին։
Ցավոք, Հայաստանը ներկայացնող Արթուր Ամոյանը պարտվեց կիսաեզրափակիչ գոտեմարտում։ Բելառուսի ներկայացուցիչ Կիրիլ Վալևսկիի հետ գոտեմարտն ավարտվեց 3։3 հաշվով, բայց վերջին հնարքի շնորհիվ հաղթանակը շնորհվեց բելառուսցի ըմբիշին։ Ամոյանը վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Իսկ այսօր Հայաստանի հավաքականի կազմում եզրափակիչում գոտեմարտելու է Սեյրան Կիրակոսյանը, որը 110կգ քաշային կարգում մրցելու է ուկրաինացի Իվան Յանկովսկիի հետ։ Բրոնզե մեդալի համար էլ գոտեմարտելու են 48 կգ Անդրանիկ Խաչատրյանը և 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը։
Հիշեցնենք` այսօր առաջնության եզրափակիչ են դուրս եկել նաև Ալեքս Մարգարյանը և Մարատ Աճեմյանը։