ՀՀ – ում որևէ իշխանություն իր քաղաքական կուրսը չի ամրապնդել տնտեսությամբ. Մանասերյան

Տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը. Արխիվային լուսանկար
Ոչ մի իշխանություն երկրի ներուժի լիարժեք գնահատում չի իրականացրել։ Փորձագետը նշեց, որ հնարավորությունների չիմացությունը թույլ չի տալիս պաշտպանել սեփական շահերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայաստանում ոչ մի իշխանություն երբևէ իր աշխարհաքաղաքական որոշումները չի ամրապնդել տնտեսական վերլուծությամբ ՝ լինի դա եվրոպական, թե եվրասիական ուղղությամբ։ Նման կարծիք հայտնեց տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը «ԵՄ-ԵԱՏՄ. քաղաքական, թե տնտեսական ընտրություն» լսումների ժամանակ։
Խոսքը ոչ թե ընդհանուր գնահատականների մասին է, այլ երկրի տնտեսական ներուժի բացահայտմանն ուղղված համապարփակ աշխատանքի, ընդհուպ մինչև այն, թե ինչ բերրիություն ունի հողը տարբեր մարզերում, կամ հանրապետությունում, օրինակ, քանի մետաղի խառատ կամ ինժեներ-մեխանիկ կա։ Նա ավելացրեց, որ եղել են դեպքեր, երբ այդ և այլ մասնագետների պակասի պատճառով ներդրողները հրաժարվել են Հայաստանում գործարաններ բացելու ծրագրերից։
«Ինչպես հասկանում եք, այդ աշխատանքը դժվար է, բայց անհրաժեշտ։ Սակայն մեր երկրի բոլոր կառավարություններն այս տարիներին շրջանցել են այն։ Մինչդեռ առանց դրա հնարավոր չէ հասկանալ մեր տնտեսության կարիքներն ու հնարավորությունները», - ասաց Մանասերյանը։
Նա նշել է, որ առանց այդ գիտելիքների բազայի, երկրի քաղաքական կուրսի մասին որոշումները կկայացվեն կուրորեն, առանց ռացիոնալ հիմքի։
«Նման մասնագետներ ներկա կառավարությունում չկան, բայց անկեղծ լինենք, նախորդներում էլ չեն եղել։ Դրա համար պետք է ոչ թե փոխել կառավարությունները, այլ աշխատեցնել գործողին, ինչպիսին էլ որ այն լինի», - ավելացրեց Մանասերյանը։
Չի կարելի չհասկանալ նաև այն, որ բոլոր տնտեսական միությունների միջով կարմիր թելով անցնում է քաղաքական օրակարգը։ Բայց մի բան է ինտուիտիվ կռահել դա, այլ բան է հասկանալ մասնագիտական մակարդակով: Սակայն հետխորհրդային շրջանում «պոլիտէկոնոմիա» առարկան պարզապես հանեցին բուհական ծրագրից։ Մինչդեռ, փորձագետի խոսքով, արևմտյան համալսարաններում այս մասնագիտությունն ամենապահանջվածներից և բարձր վարձատրվողներից է: