ԵՄ–ին ՀՀ–ում հանրաքվե է պետք միայն ռուսական ռազմակայանի դուրսբերման համար. Հարությունյան

Հայաստանի նախկին վարչապետի խոսքով՝ ԵՄ-ն չի ցանկանում իր կազմում տեսնել որևէ երկիր, որտեղ տեղակայված են ռուսական զորքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ԵՄ-ին Հայաստանի անդամակցության համար հանրաքվեն Բրյուսելին անհրաժեշտ է միայն ՀՀ տարածքից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը բարձրացնելու համար։ «ԵՄ-ԵԱՏՄ. Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով լսումների ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
ՀՀ–ում որևէ իշխանություն իր քաղաքական կուրսը չի ամրապնդել տնտեսությամբ. Մանասերյան
Հարությունյանի խոսքով` ակնհայտ է, որ Եվրամիությանն անդամակցելու համար թեկնածու երկրներից տարիներ շարունակ պահանջվել է բավականին խիստ պայմաններ բավարարել։ Եթե Հայաստանի իշխանությունները որոշեն նման հանրաքվե անցկացնել, և ժողովուրդը հանդես գա ԵՄ-ին անդամակցելու օգտին, ապա հաջորդ հարցը, որ կբարձրացնի Բրյուսելը, կլինի Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը։ Հասկանալի է, որ ԵՄ-ն չի ցանկանում իր կազմի մեջ տեսնել որևէ երկիր, որտեղ տեղակայված են ռուսական զորքերը։
«Հենց այստեղ է պետք փնտրել իրական պատճառը, թե ինչու այս հանրաքվեն դարձավ քննարկման թեմա»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով, ավելորդ է խոսել ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության զուտ տնտեսական օգուտների մասին։ Նախկին վարչապետը կարծում է, որ ռուսական շուկայում գնողունակության նվազման մասին խոսակցություններն անհիմն են, քանի որ 3 միլիոնանոց Հայաստանը միշտ կարող է իր համար տեղ գտնել 140 միլիոնանոց շուկայում, այն էլ՝ իրեն վաղուց ծանոթ:
Նա հավելել է, որ Եվրամիության հետ հետագա աշխատանքը պետք է տարվի համագործակցության ամրապնդման, այլ ոչ ինտեգրման ուղղությամբ։