ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Բելգիայի արտաքին գործերի նախարար Աջա Լյաբիբը հայտարարել է Եվրամիությանը միանալու վերաբերյալ Ուկրաինայի հետ բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր Լյուքսեմբուրգում մեկնարկել են ԵՄ-ի և Ուկրաինայի, ինչպես նաև ԵՄ-ի և Մոլդովայի միջև առաջին միջկառավարական քննարկումները, որոնք ազդարարում են այդ երկրների` ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկը:
«Մենք սկսում ենք նստաշրջանը, որը բացում է բանակցությունները»,- ասել է Բելգիայի ԱԳ նախարարը համաժողովի բացման ժամանակ:
Միջկառավարական քննարկումները Բելգիայի նախագահությունը հիմա է կազմակերպել, քանի որ մեկ շաբաթ անց Հունգարիան, որը քննադատաբար է տրամադրված Ուկրաինայի անդամակցությանը, կզբաղեցնի ԵՄ Խորհրդի նախագահի պաշտոնը:
2022 թվականի հունիսին ԵՄ-ն Ուկրաինային և Մոլդովային թեկնածու երկրների կարգավիճակ է շնորհել։ ԵՄ-ում ընդունում են, որ այդ որոշումը խորհրդանշական բնույթ է կրել Կիևին և Քիշնևին Մոսկվայի հետ դիմակայության մեջ աջակցելու համար։
Բանակցությունների հանդիսավոր մեկնարկից հետո կսկսվի խորհրդակցությունների նախապատրաստումը։ Ըստ եվրոպական աղբյուրի` գործընթացը սովորաբար տևում է մոտ մեկ տարի, Բայց Ուկրաինայի և Մոլդովայի դեպքում կարող է կրճատվել:
ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակը և բանակցությունների մեկնարկը չեն երաշխավորում երկրի անդամակցությունը միությանը և Բրյուսելին ոչինչ չեն պարտավորեցնում։