ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման համար. Միլլեր

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Վաշինգտոնը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ։
«Ես չեմ պատրաստվում մասնավոր դիվանագիտական խոսակցությունների մեջ մտնել, բայց, ինչպես արդեն ասել ենք մեր հրապարակած հայտարարության մեջ, մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև փոխգործակցությանը և շարունակում ենք աշխատել այդ հակամարտությունը լուծելու ուղղությամբ»,– ասել է Միլլերը:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 28-ին խոսելով Հայաստանի և Ադրբեջանի բեռլինյան հանդիպման մասին Մեթյու Միլլերը հայտնել էր, որ Վաշինգտոնը շարունակում է կոչ անել կողմերին` ձգտելու հասնել տևական և կայուն համաձայնության։
Ավելի վաղ էլ Հայաստանի ԱԳՆ–ն հայտարարել էր մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին: Հունիսի 4-ին Հայաստանի ԱԳՆ-ն նաև հայտնել էր, որ Երևանն Ադրբեջանին է հանձնել պայմանագրի խմբագրված տեքստի 9-րդ տարբերակը` ի պատասխան Բաքվի վերջին առաջարկների: Դրանից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրում մնացել է միայն վերջին փոփոխությունները կատարել: