Ալիևին նախարարներ պետք չեն, բոլորի գործը Փաշինյանն է անում․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանով
Քաղաքական գործիչը պնդում է՝ Հայաստանում արտաքին քաղաքականություն չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հայտարարությամբ լեգիտիմացնում է Ադրբեջանի կատարած հանցագործություններն ու այն, ինչ ապագայում է սպասվում։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։
Հունիսի 22-ին Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում հայտարարել էր. «Ադրբեջանն ասում է` դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ պիտի վրեժս քեզանից լուծեմ»։
«Նման հայտարարություն անելով՝ այդ կապիտուլյանտ անձնավորությունը լեգիտիմացնում է հայության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ բոլոր հանցագործությունները` և՛ նախկին, և՛ ներկա, և՛ ապագայում սպասվող»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
Ըստ ՀՀԿ խոսնակի՝ դրանով Փաշինյանը նաև լեգիտիմացնում և արդարացնում է Արցախի հայաթափումը, իր կողմից հանցավոր գործունեությունը Պրահայում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ներկայությամբ Արցախի՝ Ադրբեջանի կազմում ճանաչումն ու Ադրբեջանի կողմից սպասվելիք հարձակումները Հայաստանի վրա։
«Եթե պարզ կովկասյան ժողովուրդների լեզվով ասենք, դուրս է գալիս՝ դե մենք իրենց 7 շրջանն ենք գրավել, հիմա էլ Ադրբեջանի հերթն է, որ Հայաստանի 7 շրջանը գրավի։ Ալիևին պետք չէ ո՛չ պաշտպանության, ո՛չ արտաքին գործերի նախարար պահել, բոլոր գործերն անում է Նիկոլ Փաշինյանը»,- հավելեց քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ Հայաստանում առհասարակ արտաքին քաղաքականություն չկա։ Արտաքին քաղաքականությունը սպասարկում է երկրի ու ազգի շահերը, Երրորդ հանրապետության գաղափարաբանական և արտաքին քաղաքական հիմքերը, որը Արցախի ինքնորոշման իրավունքն է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և այլ կարևոր հարցեր։ Մինչդեռ, ըստ Շարմազանովի, գործող ռեժիմն իր պարագլխով հանդերձ լծված է մեր 30 տարվա ձեռքբերումն ու հաղթանակները նսեմացնելով ու անիմաստ դարձնելով։
Բաքվին միջադեպերի հետաքննության մեխանիզմ պե՞տք է. պատգամավորը` Փաշինյանի առաջարկի մասին