Աշխատավարձի 20 000 դրամանոց բարձրացումը ոչինչ է շահույթների թռիչքի համեմատ. Sputnik Արմենիայի եթերում ասել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյանը` մեկնաբանելով աշխատատեղերի ու աշխատավարաձերի բարձրացման մասին վկայող պաշտոնական հրապարակումը։
Տնտեսագետի բնորոշմամբ` ՀՀ պաշտոնական վիճակագրությունը աֆրիկյան հետամնաց երկրի մեթոդաբանություն է, որն իրենից ներկայացնում է «առևտրի, ծառայությունների, ներմուծման կլաստերների համակարգ»։
Էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալներով` 2024 թվականի մայիսի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը 2023 թվականի մայիսի նկատմամբ աճել է 4.7%–ով` կազմելով 752 260։
Ըստ նույն աղբյուրի` միջին աշխատավարձը մեր երկրում ևս աճել է`1 տարվա ընթացքում 6.7% –ով կամ 20 000 դրամով, և այժմ կազմում է 296,690 դրամ։
Աշխատատեղերի աճ գրանցվել է հիմնականում պետական համակարգում, մանրածախ առևտրի, հանրային սննդի և առողջապահության ոլորտներում։ Իսկ միկրոձեռնարկատիրության և տեքստիլ արդյունաբերության ոլորտներում աշխատատեղերը նույնիսկ կրճատվել են։
Աշխատավարձերի ամենամեծ կրճատումը գրանցվել է միկրոձեռնարկատիրության ոլորտում` 15.8 %, իսկ շինարարության ոլորտում պաշտոնական վիճակագրությունը աշխատավարձերի 1 տոկոսանոց անկում է արձանագրել։