20 միլիոն դոլար են ծախսել հայկական ԶԼՄ-ներում հակառուսական քարոզչության համար. տնտեսագետ

Աղջիկը հեռուստացույց դիտելիս. Արխիվային լուսանկար
Հայկ Ֆարմանյանն ասել է, որ հայկական մեդիամիջավայրում ակտիվ քարոզչություն է տարվում ԵԱՏՄ-ի դեմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Հայկական ԶԼՄ-ներին մոտ 20 մլն դոլար է հատկացվել հակառուսական քարոզչություն իրականացնելու համար, «ԵՄ-ԵԱՏՄ. քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» կլոր սեղանի ժամանակ հայտարարել է տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը։
Նրա խոսքով` վերջին երկու տարվա ընթացքում այդ գումարները ներդրվում էին ուղեղները լվանալու համար, որպեսզի բնակչությանը համոզեն, որ ԵԱՏՄ-ն հեռանկարներ չունի։ Փորձագետը չի հստակեցրել, թե ով է ֆինանսավորել այդ արշավը և որ պարբերականներն են ստացել գումարներ։
Ֆարմանյանի կարծիքով` Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելուց միայն շահում է։
«ԵՄ, թե՞ ԵԱՏՄ» հարց դնելը նույնն է, թե կտրես այն ճյուղը, որի վրա նստած ես», -ընդգծել է նա:
Տնտեսագետը հիշեցրել է, որ 2023 թվականին ԵԱՏՄ երկրների հետ հանրապետության ապրանքաշրջանառության աճը գերազանցել է 40 տոկոսը։
Նրա խոսքով` արտահանման կառուցվածքը հստակ ցույց է տալիս, որ տնտեսական աճը գրանցվել է վերաարտահանման հաշվին։ Երկրի իշխանությունները փորձում են այդ աճը վերագրել իրենց հմուտ տնտեսական քաղաքականությանը, բայց Ֆարմանյանը կարծում է, որ իրականում այդպես չէ։