ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Սերբիայի Նովի Սադ քաղաքում այսօր մեկնարկած է մինչև 17 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնությունում Սեյրան Կիրակոսյանը դուրս եկավ եզրափակիչ։
Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականի կազմում գորգ դուրս եկան 5 ըմբիշներ, բայց միայն Սեյրան Կիրակոսյանին հաջողվեց հասնել կիսաեզրափակիչ։ Կիրակոսյանը 1/8 եզրափակիչում պարտության մատնեց գերմանացի Վալենտինո Պրելիչին, ապա առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Պետրոս Կուրղինյանի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը գոտեմարտեց բուլղարացի Դենիս Սվետլոզար Լազարովի հետ։
Հայ ըմբիշը գոտեմարտի ընթացքում պարտվում էր 2։8 հաշվով, բայց գեղեցիկ հնարքով տապալեց մրցակցին ու մաքուր հաղթանակ տարավ։ Այպիսով` Եվրոպայի առաջնության եզրափակիչում մեր ըմբիշը գոտեմարտելու է ուկրաինացի Իվան Յանկովսկիի հետ։
65 կգ քաշային կարգում էլ Նարեկ Գրիգորյանը նախնական գոտեմարտում պարտվեց ուկրաինացի Վլադիսլավ Պոկոտիլոյին, բայց քանի որ ուկրաինացին հասել է եզրափակիչ, մեր ըմբիշը իրավունք է ստացել սփոփիչ գոտեմարտերի միջոցով պայքարել բրոնզե մեդալի համար։
Վաղը Հայաստանի հավաքականի կազմում ևս 5 ըմբիշներ կմտնեն պայքարի մեջ։