ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Արարատի մարզի Շահումյան գյուղում համագյուղացիների միջև ծագած վեճը վերածվել է դանակահարության, 2 երիտասարդ հիվանդանոցում են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, Արարատի մարզի Շահումյան գյուղի կենտրոնում չորս երիտասարդներ հունիսի 22–ի ժամը 22.30–ի սահմաններում անձնական հարցերի շուրջ վիճաբանել են 56–ամյա համագյուղացու և նրա 19–ամյա որդու հետ։
19–ամյա տղան սուր կտրող–ծակող գործիքով հարվածներ է հասցրել երիտասարդներից երկուսին` Շահումյան գյուղի 19–ամյա և 21–ամյա բնակիչներին: Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդները բուժօգնության են դիմել «Արտաշատ» բժշկական կենտրոն։
«Սուր կտրողծակող գործիքով հարվածներ հասցրած երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաշատի բաժին։ Տուժողներից ընդունվել է հաղորդում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարվածներ հասցրած երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն: