Վազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթել է փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում

Ձախից՝ Երվանդ Մկրտչյանը
8 երկրների թիմերի պայքարում Հայաստանի կանանց թիմը դարձել է բրոնզե մեդալակիր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Ջիբրալթարում անցկացված փոքր երկրների Եվրոպայի առաջնության 5000 մ վազք մրցաձևում։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
1500 մ վազքում էլ նա ցույց է տվել երկրորդ արդյունքը՝ դառնալով արծաթե մեդալակիր:
Տղամարդկանց պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գոռ Հովակիմյանը հեռացատկում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 7,59 մ արդյունքով:
Կանանց թիմի կազմում արծաթե մեդալակիր է դարձել Էլլադա Ալավերդյանը՝ հանդես գալով 800 մ վազքում:
Հեռացատկորդ Յանա Սարգսյանը, վազորդներ Գայանե Չիլոյանը (200 մ) և Միլենա Գրիգորյանը (400 մ) արժանացել են բրոնզե մեդալներին:
Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել նաև փոխանցավազքում: 8 երկրների թիմերի պայքարում Հայաստանի կանանց թիմը դարձել է բրոնզե մեդալակիր: Թիմի կազմում ընդգրկված էին Գայանե Չիլոյանը, Մարիաննա Բաղյանը, Լիլիթ Հարությունյանը և Միլենա Գրիգորյանը:
Հայաստանի ատլետիկայի հավաքականը հունիսի 6-ից ուսումնամարզական հավաք է անցկացրել Փարիզում: