Պաղեստինի վարչապետը շնորհակալ է Հայաստանին սկզբունքային մոտեցման համար

Արարատ Միրզոյան
Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Պաղեստինի Պետության ճանաչման հարցում ցուցաբերած սկզբունքային մոտեցման համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի վարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Մոհամմեդ Մուստաֆայի հետ։
«ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ որոշումը հիրավի պայմանավորված է «երկու պետություն» սկզբունքով կարգավորմանն աջակցելու, մարդկային մեծ կորուստների հանգեցնող իրավիճակի հանգուցալուծման կարևորության հարցում հետևողական դիրքորոշմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների և քաղաքական երկխոսության զարգացման հարցերին:
Հիշեցնենք՝ հունիսի 21-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկիրը ճանաչել է Պաղեստինի պետականությունը: Երևանը նշել է, որ անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատմամբ:
Այս տարի ավելի վաղ Պաղեստինը ճանաչել էին Սլովենիան, Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան:
2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ արմատական խմբավորումը հարձակում է գործել Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություն է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ, որը շարունակվում է մինչ օրս։