ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) շարժումը բեռնատար նավ է վնասել։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X սոցիալական ցանցում:
«Լիբերիայի դրոշի ներքո նավարկող հունական «Transworld Navigator» նավը վնասվել է, բայց շարունակել է Մալայզիայից Եգիպտոս երթուղին»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ նավաստիների շրջանում կան տուժածներ:
Ամերիկացի զինվորականները կարծում են, որ հարվածը հասցվել է անօդաչու սարքի միջոցով:
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, ավելի վաղ նախազգուշացրել էր, որ կհարձակվի Իսրայելի հետ կապ ունեցող ցանկացած նավի վրա, և մյուս երկրներին հորդորել էր հետ կանչել իրենց անձնակազմերը։
Հութիները հայտարարել են, որ իրենց գործողություններն ուղղված են Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների օգնությանը, իրենք չեն խանգարում այդ տարածաշրջանի նավագնացությանը։
ԱՄՆ-ն դաշնակիցների հետ պարբերաբար ռմբակոծում է հութիների օբյեկտները՝ փորձելով ստիպել նրանց դադարեցնել նավերի գնդակոծությունը։