Եվրամիության դռները կփակվեն. Բորելը սպառնացել է Վրաստանին

Ժոզեպ Բորել
ԵՄ ղեկավարությունը կարող է սահմանափակել Վրաստանին տրվող ֆինանսական աջակցությունը և բարձր մակարդակով շփումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Եվրամիության դռները կփակվեն Վրաստանի համար, եթե այդ երկրի իշխանությունը շարունակի իր քաղաքականությունը։ Այս հայտարարությունն արել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ անդրադառնալով «օտարերկրյա գործակալների» մասին օրենքին և ԼԳԲՏ* քարոզչության արգելքին։
«Վրաստանի ժողովրդի համար դեպի ԵՄ ճանապարհը բաց է։ Եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այդ ճանապարհը կփակվի... Այսօր ԵՄ երկրները ոչ մի կոնկրետ որոշում չեն ընդունել, խոսքը հնարավոր միջոցների շուրջ քննարկումների մասին է...», - ասել է նա Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրների արտգործնախարարների նիստի մեկնարկից առաջ:
Միջոցառումներից մեկը, ըստ պաշտոնյայի, կարող է դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամից տրվող ֆինանսական աջակցության կրճատումը:
Բրյուսելը կարող է նաև դադարեցնել կամ սահմանափակել բարձր մակարդակով շփումները։
Միևնույն ժամանակ Բորելը նշել է, որ նման միջոցառումները չպետք է ազդեն բնակչության վրա:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ չի բացառվում` ԵՄ-ն, ի պատասխան օտարերկրյա գործակալների մասին օրենքի, մի շարք միջոցներ ձեռնարկի Վրաստանի դեմ, այդ թվում՝ կասեցնի բարձրաստիճան պաշտոնյանների այցերը: Աղմկահարույց օրենքի ընդունումից բացի, Վրաստանում նախատեսում են արգելել նաև ԼԳԲՏ* քարոզչության հրապարակային ակցիաները, իսկ սեռափոխության գործողությունները` քրեականացնել:
* Ռուսաստանում արգելված ծայրահեղական կազմակերպություն: