Երևան–Բաթում–Երևան երթուղին արդեն գործարկվել է. այսօր մեկնել է առաջին գնացքը

Ուղևորության տևողությունը 17,5 ժամ է, տոմսերի արժեքը սկսվում է 13 հազար դրամից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Այսօր իրականացվել է Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ` այս տարվա առաջին երկաթուղային միջազգային ուղևորափոխադրումը։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հունիսի 24-ի դրությամբ արդեն իրացվել է շուրջ 1500 տոմս։
Ընկերությունից հայտնում են, որ նշված երթուղով գնացքներն ուղևորափոխադրումներ կիրականացնեն երկու օրը մեկ։ Ուղևորներին առաջարկվում է ծառայությունների չորս տեսակ՝ պլացկարտ, կուպե, բարձր հարմարավետության կուպե և քնելու վագոն։
«Երևանից դեպի Սև ծովի հանգստավայրեր տոմսերի արժեքը սկսվում է 13 հազար դրամից: Գնացքի մեկնումը 14:00-ին է, ճանապարհորդության տևողությունը՝ 17,5 ժամ: Տոմսերը կարելի է ձեռք բերել ոչ միայն Հայաստանի և Վրաստանի հիմնական կայարանների տոմսարկղերից, այլև առցանց՝ ՀԿԵ–ի կայքում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ընկերություն հայտնում են, որ ՀԿԵ-ն և մասնագետների միջազգային թիմն ամեն ինչ արել են, որ կարճ ժամանակում հնարավոր լինի վերականգնել մայիսյան հեղեղումների հետևանքով երկաթուղու վնասված հատվածները։
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը Երևան - Բաթում - Երևան չվերթ է գործարկել