ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Էրդողանը պլանավորում Է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղազախստանում:
Թուրքիայի նախագահը հույս ունի Պուտինի հետ բանակցություններ վարել հուլիսի 3-4-ն Աստանայում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Օրակարգում կընդգրկվեն իրավիճակն Ուկրաինայում, երկկողմ հարցեր, մասնավորապես Թուրքիայում գազային հանգույցի կառուցումը։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր Habertürk հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
«Առաջիկա օրերին պարոն Էրդողանը հավանաբար կհանդիպի պարոն Պուտինի հետ Ղազախստանում»,- ասել է Ֆիդանը հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Թուրքիայի ԱԳ նախարարը կարևոր է համարում Պուտինի կողմից Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման համար համապատասխան պայմանների հրապարակումը:
ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկկողմ հանդիպումը վաղուց է հասունացել, դա հասկանում են և՛ Մոսկվայում, և՛ Անկարայում։ ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ եթե Էրդողանը մասնակցի Աստանայում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին, Կրեմլը միջոցառման շրջանակներում կքննարկի նման հանդիպման անցկացման հնարավորությունը: