ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Եվրամիության պատժամիջոցների ցուցակում ընդգրկված է ռուսաստանցի գործարար («Գեոպրոմայնինգ» հոլդինգի ամենամեծ բաժնետերը) Ռոման Տրոցենկին, ինչպես նաև Ռուսաստանի ավելի քան 100 քաղաքացի և ընկերություն: Այս մասին հայտնի է դառնում ԵՄ պաշտոնական տեղեկագրից։
Խոշոր ձեռնարկատերերի ցուցակում է նաև ռուսական RBA–Management ընկերության հիմնադիր և տնօրեն Վլադիմիր Ավետիսյանը: Նրան մեղադրում են պատժամիջոցները շրջանցելով Ռուսաստանին էլեկտրատեխնիկա մատակարարելու մեջ։
Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել «Ուրալյան ավիաուղիները», «Սարքաշինական միավորված կորպորացիան», ԱՏԼԱՍ գիտատեխնիկական կենտրոնը, «Մայակ» մեքենաշինական գործարանը, «Սովկոմֆլոտ» տրանսպորտային ընկերությունը և մի շարք այլ ընկերություններ:
Անսպասելիորեն սահմանափակումների տակ է հայտնվել Ղրիմի «Արտեկ» մանկական ճամբարը։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև երգիչներ Յարոսլավ Դրոնովի (հայտնի Շամանը) և Պոլինա Գագարինայի, ինչպես նաև դերասան Իվան Օխլոբիստինի նկատմամբ՝ ՌԴ զինված ուժերին աջակցող միջոցառումներին մասնակցելու համար:
Ավելի վաղ «ԳեոՊրոՄայնինգի» հետ կապված հայաստանյան ակտիվները, ինչպիսիք են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը», հայտարարել էին, որ կապ չունեն «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի հետ: