ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Արտաշատի 38–ամյա բնակիչը, խաբեությամբ ստանալով էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը, երեք քաղաքացիներից 2 ու կես միլիոն դրամ է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննությամբ հիմնավորվել է, որ 38–ամյա տղամարդը 2021թ․ դեկտեմբեր, 2022թ․ հունվար և փետրվար ամիսներին տարբեր հեռախոսահամարներից զանգահարել է երեք տարբեր քաղաքացիների, ներկայացել «Իդրամի» աշխատակից, ստուգումներ կատարելու պատրվակով, խնդրել իրեն տրամադրել հավելվածի գաղտնաբառերը։ Այդպես հասանելիություն է ստացել քաղաքացիների էլեկտրոնային դրամապանակներին։
Ապա բանկերից մեկում առցանց եղանակով ձևակերպել է տարբեր չափերով՝ 100․000-ից մինչև 300․000 ՀՀ դրամի վարկային մի քանի պայմանագրեր։
«Դրանից հետո «Իդրամ» դրամապանակին, որպես հատկացված վարկային միջոցներ մուտքագրված ընդհանուր 800․000 ՀՀ դրամից 600․000-ը փոխանցել է երեք տարբեր կայքում իր ծանոթների անվամբ գրանցված, սակայն փաստացի իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին՝ կատարելով խոշոր չափերով համակարգչային հափշտակություն»,- տեղեկացնում են ՔԿ-ից։
Մեկ էլ դեպքում էլ տղամարդը տուժողի անվամբ թողարկված և «Իդրամ» դրամապանակին կցված բանկային քարտից ելքագրել է ընդհանուր 1.900.000 ՀՀ դրամ գումար՝ այն ևս հափշտակելով։
38–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի (համակարգչային հափշտակությունը) 2-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։