ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների դիտարկման Հայաստանի առաջարկը։ Այս մասին եվրոպացի պաշտոնյան գրել է X-ի իր էջում։
«Լարվածությունը նվազեցնելու համար հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումները դիտարկելու համար երկկողմանի մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը պետք է ողջունվի»,- գրել է նա։
Կլաարը հավելել է, որ ԵՄ-ն Վրաստանում, ԵՄ առաքելության միջոցով, 15 տարի օգնել է նմանատիպ հանդիպումներ կազմակերպելուն և պատրաստ է ներկայացնել իր ունեցած փորձը։
Հիշեցնենք՝ հունիսի 22-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
Հավելենք, որ ՀՀ վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկել է սպառազինության փոխադարձ վերահսկման մեխանիզմ ստեղծել և չհարձակման մասին պայմանագիր ստորագրել, եթե պարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու։