Սևաստոպոլին Ուկրաինայի ԶՈւ հարվածից հետո զոհերի թիվը դարձել է 3, մոտ 100 մարդ վիրավորվել է

Սևաստոպոլին Ուկրաինայի ԶՈւ հարվածի հետևանքները
Տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Սևաստոպոլի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հարվածից հետո զոհերի թիվը հասել է երեքի, գրեթե 100 մարդ վիրավորվել է: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը:
«Զոհերի թիվը հասել է 3-ի. երկու երեխա է մահացել և մեկ մեծահասակ։ Հանցագործ Կիևի ռեժիմը օրը ցերեկով կասետային զինամթերք կրող բալիստիկ հրթիռներով հարվածել է Սևաստոպոլին: Վիրավորների թիվը հասել է գրեթե 100-ի»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Մարզպետն ընդգծել է, որ ամբողջ առողջապահական համակարգը մոբիլիզացված է, բժիշկներն ու բուժանձնակազմը տեղում են, վիրահատարանները պատրաստ են։
Սևաստոպոլին Ուկրաինայի ԶՈւ հարվածի հետևանքները
«Այսօր՝ Երրորդության պայծառ տոնին, մեծ վիշտ ունենք։ Թշնամին հարված հասցրեց թաքստոցից, այն ժամանակ, երբ խաղաղ բնակիչներից ոմանք պատարագից էին վերադառնում, ոմանք էլ արդեն երեխաների հետ ծով էին գնացել։ Հասկանում եմ, որ ոչ մի բառ հիմա չի կարող սփոփել հարազատներին կորցրած մարդկանց։ Իմացեք, հիմա յուրաքանչյուր սևաստոպոլցի մտքով ձեզ հետ է։ Մենք անպայման կօգնենք զոհվածների ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,-հավելել է նա։
Ռազվոզժաևը նշել է, որ գնում է հիվանդանոց՝ տուժածներին այցելելու, դեպքի վայրում է գտնվում Սևաստոպոլի դատախազ Անդրեյ Շևցովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սևաստոպոլի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից մեկը՝ 2 տարեկան երեխա:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: