ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Յակուտիայի արկտիկական հատվածում հայտնաբերված հազարավոր մամոնտների ոսկորների կուտակումն առաջացել է մարդկանց գործունեության հետևանքով, որոնք հին ժամանակներում այս կենդանիների մնացորդներն ակտիվորեն օգտագործել են իրենց կարիքների համար: Այս եզրակացության են եկել ՌԴ մի շարք գիտական կենտրոնների գիտնականները, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ Գիտական Հիմնադրամից (ՌԳՀ)։
Յակուտիայի հյուսիսում, Բերելեխ գետի ձախ ափին է գտնվում մամոնտների «գերեզմանոցը»՝ այն վայրը, որտեղ հնագետները ավելի վաղ այս վերացած կենդանիների հազարավոր ոսկորներ էին հայտնաբերել: Սկզբում ենթադրվում էր, որ ոսկորներն այստեղ կուտակվել են բնական ճանապարհով՝ 13-12 հազար տարի առաջ, առանց մարդու մասնակցության: Հետազոտողները չէին բացառում նաև մամոնտների մի ամբողջ խմբի բնական միաժամանակյա մահը:
«Գերեզմանոցի» մոտակայքում տարբեր տարիների հայտնաբերվել են մարդկային գործունեության հետքեր՝ մշակված ժանիքների կտորներ, այդ թվում՝ մամոնտի պատկերի փորագրությամբ ժանիքից պատրաստված խոշոր սուր զենք (նիզակ), ինչպես նաև քարե աշխատանքային գործիքներ և դրանց արտադրության մնացորդներ: Այս հայտնագործությունների հիման վրա գիտնականները ժամանակին ենթադրել էին, որ ոսկորները կարող էին այստեղ բերել հնում Բերելեխ գետի ափին ապրած մարդիկ։ Սակայն մինչ օրս դա չէր հաստատվում։
Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի (ՌԳԱ) նյութական մշակույթի պատմության ինստիտուտի, Արկտիկայի և Անտարկտիկայի Գիտահետազոտական Ինստիտուտի (երկուսն էլ՝ Սանկտ Պետերբուրգ) և ՌԳԱ երկրաբանական Ինստիտուտի (Մոսկվա) մասնագետները ուսումնասիրել են «մամոնտների գերեզմանոցում» հայտնաբերված ոսկորները, ինչպես նաև 1970-ից մինչև 2009 թվականներին դաշտային աշխատանքների ընթացքում հավաքված հնագիտական նյութերը։ Բացի այդ, հեղինակները մանրամասն ուսումնասիրել են գետի ափի նստվածքները, որոնց պատկանում են հնագիտական և պալեոնտոլոգիական մնացորդները, և վերակազմել են Բերելեխի երկրահնագիտական համալիրի ձևավորման պայմաններն ու հաջորդականությունը:
Հնագետները հայտնաբերել են անսովոր ձևի քարե շեղբեր, որոնք հավանաբար օգտագործվել են որպես կտրող գործիքներ կամ սայրեր։ Տարածաշրջանում այսպիսի իրեր հազվադեպ են հանդիպում և միշտ լինում են մամոնտների ոսկորների զանգվածային կուտակումների կողքին: Բացի նշված արտեֆակտներից, գիտնականները հայտնաբերել են զարդեր՝ կախազարդեր, ինչպես նաև մամոնտի կողոսկրի կտորներ՝ մշակման հետքերով, և ժանիքներից իրերի արտադրության մնացորդներ։ Ռադիոածխածնային վերլուծության օգնությամբ հետազոտողները որոշել են այս գտածոների ճիշտ տարիքը, որն օգտագործվել է Բերելեխի մամոնտների գերեզմանոցի ընդհանուր ընտրանքի ժամանակային վերլուծության մեջ:
Արդյունքում պարզվել է, որ Բերելեխ գետի մոտ մամոնտների ոսկորների զանգվածային կուտակումը ձևավորվել է շատ կարճ ժամանակում և տեղի է ունեցել 14,4-13,5 հազար տարի առաջ: Սկզբում կուտակումը տեղի է ունեցել բավականին դանդաղ, ապա ավելի ինտենսիվ: Մամոնտների ոսկորների կուտակման վերակազմված պատմության մեջ նշվում են փուլեր, որոնք արտացոլում են արագացված կուտակումը՝ 14,4, 14 և 13,8 հազար տարի առաջ: Այս փուլերը համապատասխանում են գտածոների վերլուծության արդյունքում ստացված տարենշումներին, ուստի անմիջականորեն կապված են մարդու գործունեության հետ:
Հետազոտողները ենթադրում են, որ մարդիկ մամոնտների մորթին, ժանիքները և ճարպը ակտիվորեն օգտագործել են իրենց կարիքների համար։ Կմախքի բաղադրիչների մի մասը, որոնց թվում արժեքավոր էին հատկապես ժանիքները, պահում էին որոշակի վայրում, որն էլ հետագայում դարձել է այս «գերեզմանոցը»։ Դրա ընտրությունը պատահական չի եղել․ ըստ հին ռելիեֆի վերակառուցումների` «մամոնտների գերեզմանոցը» գտնվում է գետի ճահճացած կորության վրա կամ հունի այն մասում, որը վերածվել է առանձին փոքրիկ ջրամբարի: Այդ տեղը հարուստ էր միկրոօրգանիզմներով, որոնք հեշտացնում են հյուսվածքի քայքայումը, հենց այդ պատճառով էլ այն ընտրվել էր մնացորդների պահպանման համար: Սա թույլ էր տալիս գանգերից առանձնացներ ամբողջական ժանիքները՝ առանց դրանք փշրելու, ինչը տեխնոլոգիապես անհրաժեշտ էր հետագա աշխատանքի համար:
«Մորթիավոր մամոնտը հնադարյան մարդկանց համար բազմազան օգտակար նյութերի աղբյուր էր։ Օրինակ` ժանիքները օգտագործվում էին աշխատանքային գործիքների պատրաստման համար, ճարպը և միսը՝ որպես սնունդ։ Ոսկորներն ու ժանիքներով գանգերը դրվում էին այն վայրերում, որտեղ միկրոօրգանիզմների գործունեության շնորհիվ միացնող հյուսվածքները արագ քայքայվում են, ինչը կարևոր էր ժանիքները հանելու և ոսկրային մնացորդները մշակման պատրաստելու համար»,-պատմել է նախագծի ղեկավար, ՌԳԱ պատմության ինստիտուտի և Պետրոս Մեծի անվան Մարդաբանության և ազգագրության թանգարանի (Կունստկամերա) հյուսիսային ուսումնասիրությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Վլադիմիր Պիտուլկոն:
Մասնագետը հավելել է, որ մամոնտների ոսկորների կուտակման գործընթացը Բերելեխ և Յանա գետերի մոտ շատ նման է։ Սակայն չեն կարող պնդել, որ համապատասխան տարածքներում մամոնտների գերեզմանոցների ձևավորման ամբողջ ընթացքում մարդիկ են ապրել։ Նրանք կանոնավոր կերպով եղել են այստեղ, ամենայն հավանականությամբ, գալ-գնալով:
Ապագայում գիտնականները մտադիր են շարունակել արկտիկական Արևելյան Սիբիրի հետազոտությունները՝ ներառյալ այս տարածքում մարդու բնակեցումը, նրա մշակույթի էվոլյուցիայի առանձնահատկությունները և փոփոխվող բնապահպանական պայմաններին հարմարվելու մեթոդները: