ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Սևաստոպոլում ուկրաինական զինված ուժերի հարձակման հետևանքով վիրավորված հինգ երեխա գտնվում է ծանր վիճակում, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, ասել է ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան։
Ավելի վաղ հաղորդվել էր երկու երեխաների մահվան մասին, որոնցից մեկը Մագադանի փոխքաղաքապետ Օլեգ Ավերյանովի իննամյա դուստրն է։ Նա իր ծնողների հետ ծովափին է եղել:
«Տեղեկություններ են ստացվում Սևաստոպոլից, տուժածների թվում 27 երեխա կա, հինգը ծանր վիճակում են, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար», - գրել է Լվովա-Բելովան։
Ուկրաինայի զինված ուժերը կիրակի կեսօրին հարձակվել են Սեւաստոպոլի վրա։ Քաղաքի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևի խոսքով՝ ջրային տարածքի վերևում ոչնչացվել է հինգ օդային թիրախ, սակայն խոցված թիրախների բեկորներն ընկել են ափամերձ գոտում։ Վերջին տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով տուժել է մոտ 100 մարդ, որոնցից երեքը զոհվել են։ Զոհվածներից երկուսը երեխաներ են։