ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները՝ ուռուցքաբանական հիվանդություններով բուժառուների մասնակցությամբ, նախատեսվում է սկսել 2025-ի կեսերին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Կարծում եմ, որ հաջորդ տարվա կեսին մենք կսկսենք պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները քաղցկեղով հիվանդների մասնակցությամբ», – ասել է Գինցբուրգը:
Մասնագետի խոսքով՝ այժմ նախակլինիկական հետազոտությունների շրջանակներում ստուգում են մկների վրա:
Մասնավորապես, տեխնոլոգիան մշակվում է, որպեսզի ոչ միայն 2-3 անգամ երկարացնի մելանոմայով կենդանիների կյանքը, այլ ստեղծի այնպիսի դեղամիջոցներ, որոնք թույլ կտան երաշխավորված կերպով ոչնչացնել ինչպես ուռուցքը, այնպես էլ մետաստազները։
Նրա խոսքով` եթե հաջողվի մշակել այս տեխնոլոգիան, ապա պատվաստանյութը կօգնի թոքերի ոչ մանրաբջջային քաղցկեղով, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով, որոշակի տեսակի երիկամների քաղցկեղով և մելանոմայով հիվանդներին:
Ինչպես նշել է մասնագետը, այս հիվանդությունների դեպքում մետաստազները հայտնվում են արդեն վաղ փուլերում, ուստի այս պատվաստանյութը շատ տեղին կլինի այս հիվանդների համար: