Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է. խնդիրներ են հայտնաբերվել

«Թերեզա Գևորիկ» ՍՊԸ–ն
Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի համար սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Թերեզա Գևորիկ» ՍՊԸ–ին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ընկերությունը գործում է Կոտայքի մարզի Զովունի գյուղում, ապրանքանիշը կոչվում է «Չաղ–չաղ թագավոր»։
ՍԱՏՄ տեսուչները արտադրամասին ստուգման ընթացքում հայտնաբերել են, որ սննդամթերքի հիգիենայի ներկայացվող պահանջների խախտմամբ է աշխատանքն իրականացվում։
«Թերեզա Գևորիկ» ՍՊԸ–ն
Խախտված է եղել արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը։ Արտադրական շինություններում չի ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը։ Արտադրամասում չի բացառվել կեղտի կուտակումը, արտադրվող սննդամթերքի մեջ մասնիկների թափվելը, բորբոսի առաջացումը, արտադրական շինությունները սարքավորված չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով։ Հատակների, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, սննդի կառույցն էլ չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան։
Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի համար սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։