ՏԿԵՆ–ը պարգևատրել է հեղեղից վնասված երկաթուղու վերականգնմանը մասնակցած ռուս մասնագետներին

ՏԿԵՆ–ը պարգևատրել է հեղեղից վնասված երկաթուղու վերականգնմանը մասնակցած ռուս մասնագետներին
ՏԿԵ փոխնախարարի խոսքով` ռուսաստանցի մասնագետների ներգրավվածության արդյունքում հաջողվել է ռեկորդային ժամկետում վերականգնել վնասված կարևոր ենթակառուցվածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարգևատրել է հեղեղումների հետևանքով վնասված Վանաձոր-Այրում երկաթուղային հատվածների արագ վերականգնման գործում ներգրավված ռուսաստանցի մի խումբ մասնագետների։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը բարձր է գնահատել Ռուսաստանից հրավիրված մասնագետների կատարած աշխատանքը։
Նա նաև շնորհակալագրեր ու նվերներ է հանձնել «Ռուսաստանի երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության մի խումբ պատասխանատուների ու մասնագետների։
«Քանի որ մենք մասնագետների պակաս, անհրաժեշտություն ունենք՝ նման իրավիճակում արագ երկաթուղային ենթակառուցվածքը վերականգնելու, ապա դիմեցինք «Ռուսական երկաթուղու» գործընկերներին, և ամսի 27-ին առաջին մասնագետը ժամանեց Հայաստանի Հանրապետություն»,-ասել է փոխնախարարը։
Նա հավելել է, որ ռուսաստանցի մասնագետների ներգրավվածության արդյունքում հաջողվել է ռեկորդային ժամկետում վերականգնել վնասված այդ կարևոր ենթակառուցվածքը։
Հիշեցնենք` ՀԿԵ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լոռու մարզում գետերի վարարման հետևանքով երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Բացի այդ, հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր։
Հունիսի 14-ին սկսվեց Այրում-Սանահին հատվածում գնացքների երթևեկությունը: Վերականգնված հատվածով հունիսի 15-ին անցավ առաջին կոնտեյներային գնացքը:
ՀՀ–ում երկաթուղու հատվածների վերականգնման ժամանակ կիրառվել են եզակի լուծումներ. Մելնիկով