ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում ջրամատակարարման նոր համակարգը կկառուցվի մինչև 2025 թվականի վերջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավում» շինարարական օբյեկտի շինարարության սկիզբը 2024 թվականի մայիսի 20-ն է, ավարտը` 2025 թվականի նոյեմբերի 20-ը: Այն սկիզբ է առնում Բասուտա գետից, ջրագծի երկարությունը 2026 մետր է»,- նշված է պատասխան նամակում։
2021 թվականի մարտին գրել էինք, որ ՀՀ իշխանությունները պայմանագիր են կնքել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ջրագծի կառուցման վերաբերյալ, սակայն ֆինանսական միջոցներ դեռ չեն գտնվել:
2021-2022թթ.-ին ադրբեջանական զինուժի ներխուժումների հետևանքով Ներքին Հանդը զրկվել է խմելու ջրի աղբյուրից, գյուղատնտեսական տարածքներից և նույնիսկ գերեզմանատնից:
Նշենք, որ հիմա գյուղի բնակիչները տանը գետի ջուր են օգտագործում։ Խմելու ջուրը նրանք տարաներով բերում են գյուղի և նրա շրջակայքի երկու փոքր աղբյուրներից։