ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՌԴ ԱԻՆ-ի երկու աշխատակից տուժել է Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության Telegram-ալիքը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հակաօդային պաշտպանության միջոցները Կրասնոդարի երկրամասում մեկ գիշերվա ընթացքում 43 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել:
«Կրասնոդարի երկրամասի վրա թիրախային հարձակման հետևանքով տուժել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության երկու աշխատակից։ Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելիս նրանք վնասվածքներ են ստացել։ Գերատեսչության մասնագետներին անմիջապես բուժօգնություն է ցուցաբերվել, այժմ նրանք գտնվում են ամբուլատոր բուժման մեջ», - նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: