ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Չեռնոգորիայի գրեթե ամբողջ տարածքը, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, ինչպես նաև Ալբանիայի մեծ մասը մնացել են առանց էլեկտրականության: Այս մասին հայտնում է սերբական «Պոլիտիկա» պարբերականը` հղում անելով Չեռնոգորիայի էլեկտրաբաշխիչ համակարգին (ՑԵԴԻՍ) և այլ աղբյուրների։
Սերբիայի ազգային տեղեկատվական ՏԱՆՅՈՒԳ գործակալության հաղորդմամբ` հոսանքազրկման պատճառ է դարձել Չեռնոգորիայի էլեկտրահաղորդման գծերից մեկում բռնկված հրդեհը: Վթարի վերացման հնարավոր ժամկետների մասին դեռ չի հաղորդվում:
Ավելի վաղ խորվաթական ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկրի գրեթե ամբողջ տարածքը մնացել է առանց էլեկտրականության, նշելով նույն պատճառը` Չեռնոգորիայի էլեկտրացանցում (որի հետ կապված է նաև խորվաթական էլեկտրացանցը) տեղի ունեցած վթարը։
Ինչ վերաբերում է Բոսնիային, ապա Սարաևոյում տրամվայները կանգնած են, լուսացույցները չեն աշխատում, առանց լույսի են մնացել նաև այլ խոշոր քաղաքներ։
Ճիշտ նույն իրավիճակն է Տիրանայում և Ալբանիայի այլ քաղաքներում։
Խոսելով նոր հրդեհների վտանգի մասին` տարածաշրջանային պարբերականները նշում են, որ Բալկաններում այսօր սպասվում է հունիսի ամենաշոգ օրը (մինչեւ +41):