ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Աստանայում այս տարվա նոյեմբերին։ Տեղեկությունը հայտնել է Ղազախստանի փոխվարչապետ և արտգործնախարար Մուրատ Նուրտլեուն:
«Մեր հաջորդ հանդիպումն առաջարկվում է անցկացնել Աստանայում այս տարվա նոյեմբերին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախօրեին (տեղի կունենա նոյեմբերի 28 - ին)», - ասել է նա Ալմաթիում ՀԱՊԿ արտգործնախարարների ընդլայնված նիստի ժամանակ, որին հայկական կողմը չի մասնակցում:
Ինչպես հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, Ալմաթիում կայացած հանդիպման օրակարգում ընդգրկվել և հավանության են արժանացել ինը փաստաթղթերի նախագծեր, մասնավորապես՝ տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման, կազմակերպության 2024 թվականի բյուջեում փոփոխությունների, խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության, խաղաղապահ զորավարժությունների անցկացման վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ-ն, փաստաթղթերը պատրաստվել են նոյեմբերի վերջին կայանալիք գագաթնաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հավանությանն արժանանալու համար:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: