ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Այսօր ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված 2 հայ զինծառայողների մասունքները դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննությունների կենթարկվեն անձանց ինքնությունը պարզելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանք ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողներ են։
«2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2022–ի սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել։