ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի անկախությունը։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ–ն տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է:
«ՀՀ–ն կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը։ Հայաստանը նաև միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին: Հայաստանը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ Հայաստանը շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: ԱԳՆ–ից ընդգծում են, որ միջազգային տարբեր հարթակներում Հայաստանը մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը:
«Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները»,– հայտնում է ԱԳ նախարարությունը։
Նշենք, որ այս տարվա մայիսի 28–ին Պաղեստինը ճանաչել են Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան։ Մինչ այդ Պաղեստինը ճանաչում էին ԵՄ 9 երկրներ։ 8 երկիր՝ Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան, այդ քայլն արել են 1988 թ-ին՝ դեռևս ԵՄ-ին անդամակցելուց առաջ, իսկ Շվեդիան՝ 2014 թ-ին:
Հիշեցնենք` Գազայի հատվածը փաստացի բաժանվել է հարավային և հյուսիսային մասերի։ Մայիսի 7-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը մտել են Ռաֆահ, որը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանին: Քաղաքը համարվում է ՀԱՄԱՍ-ի վերջին հենակետը։