Հայաստանի համար միանշանակ լավ է լինել ԵՄ–ում․ Արման Եղոյան

ՀՀ Ազգային ժողովը լսումներ է անցկացնում հանրաքվեի կազմակերպման հարցով՝ Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հայաստանի՝ որպես փոքր երկրի համար, Եվրամիությանն անդամակցությունը միանշանակ լավ է, հարցը միայն այդ նպատակին հասնելու ճանապարհներն են։ Այս մասին ասել է իշխող խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը՝ ԵՄ–ին անդամակցության հայտի վերաբերյալ հանրաքվեի հարցով լսումների ժամանակ։
Լսումները նախաձեռնել են արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսկացությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ–ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում»։
Բացելով լսումները՝ գլխադասային հանձնաժողովի ղեկավարը հայտարարեց, որ դրանց նպատակն է փորձագիտական պատասխաններ ստանալ ինտեգրման մեթոդների, ժամկետների, գործիքների վերաբերյալ հարցերին։
«Եվրոպական ինտեգրացիան միջոցառումների և քայլերի համալիր է, դրանք գործողություններ են, որոնք բաղկացած են բազմաթիվ չափումներից։ Հարցն այն չէ ՝ լա՞վ է լինել ԵՄ–ում, թե՞ ոչ։ Հասկանալի է, որ փոքր երկրների համար միանշանակ լավ է։ Նման երկրները համեմատաբար քիչ են տալիս, բայց համեմատաբար ավելին են ստանում։ Հարցը նրանում է, և դա լսումների խնդիրն է, քննարկել և հասկանալ, թե ո՞ւր է Հայաստանը ցանկանում գնալ, ի՞նչ գործիքակազմով և բովանդակությամբ և ի՞նչ ժամկետներում»,– հայտարարեց նա։
ՀՀ ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն իր ելույթում հայտարարեց, որ մեզ նման երկրներին ընդունելով` ԵՄ–ն միանշանակ շահում է. մեզ նման դաշնակից, գործընկեր ունենալը նրանց արժանապատվության հարցն է։
«Այո՛, նրանք ինչ–որ բան պետք է զիջեն, օրինակ` անվտանգության դոնոր լինեն մեզ համար, նաև` գաղափարների, տնտեսության, ֆինանսների, քանի որ մեր աշխարհագրությունը, մեր երկիրը լավ տեղում է գտնվում. Հայկ նահապետը ընտրել է այս տեղը»,– նշեց նա։
Արշակյանի խոսքով` ԵՄ–ն է մեզ հրավիրել, մենք անկոչ չենք, մենք կոչված, հրավիրված ու ցանկալի դաշնակից ենք ԵՄ համար։
«Նրանք, որոնք հիմա կան մեր կողքերին, նրանք չեն ուզում, որ մենք գնանք ԵՄ. նոր են իմացել, որ մենք կարող ենք հեռանալ, «куда мы денемся»»,– ասաց նա։
Հիշեցնենք` Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունեց մի բանաձև, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածություն տրամադրելու հնարավորությունը։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական «TRT World» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ հաշվի առնելով բոլոր մարտահրավերները, որոնց ՀՀ–ն ստիպված է դիմակայել վերջին երեք-չորս տարիների ընթացքում` Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները, այդ թվում ՝ ԵՄ անդամակցության գաղափարը: Նա վստահեցրել էր, որ Հայաստանի ժողովուրդը եվրոպական ձգտումներ ունի։