ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այցելել են Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գործող մետաղաձուլարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Գործարանի շինարարությունը սկսվել է 2021 թվականին, իսկ արտադրության մեկնարկը տրվել է 2023 թվականին։ Առաջին փուլով կատարվել է 5 միլիոն դոլարի ներդրում,որի շնորհիվ ներկա պահին արտադրվում է օրական 60 տոննա մետաղական նախապատրաստվածք։
Գործարանն օգտագործում է Հայաստանում գոյություն ունեցող մետաղների ջարդոնը։
Գևորգ Պապոյանն ու ՀՀ–ում Իրանի դեսպանն այցելել են Քարակերտի մետաղաձուլարան
Երկրորդ փուլով նախատեսվում է ավելի քան 7 միլիոն դոլարի ներդրում, որից հետո կսկսեն ամրանների և մետաղալարերի արտադրություն։
Գործարանի հզորությունը տարեկան կազմում է 200,000 տոննայի մետաղական պրոֆիլներ և ձուլակտորներ:
Գործարանն ունի 170 աշխատակից, որոնցից շուրջ 40-ը Իրանից են, 130-ը` Հայաստանից։ Գործարանի՝ ողջ ծավալով շահագործման արդյունքում աշխատատեղերի թիվը կհասնի շուրջ 250-ի։