Բլինկենը խոսել է Ալիևի հետ և կոչ արել արագացնել Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը. Արխիվային լուսանկար
Պետքարտուղարը նաև կոչ է արել «թարմացնել և ամրապնդել» երկկողմ հարաբերությունները ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջեւ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման կարևորությունը։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Բլինկենը կրկնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել հետագա շփմանը «կողմերի համար ձեռնտու ցանկացած ձևաչափով»:
«Պետքարտուղարը հատուկ ուշադրություն է դարձրել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին Ադրբեջանի կատարմանը՝ խստորեն խորհուրդ տալով ազատ արձակել բոլոր անօրինական ձերբակալվածներին», - ասվում է հայտարարության մեջ:
Բլինկենը կարևորել է Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցությունը կլիմայական և էներգետիկ ընդհանուր նպատակների իրականացման գործում։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է կազմակերպչական աջակցություն ցուցաբերել COP29 համաժողովի հաջող անցկացման համար։
Բլինկենը նաև կոչ է արել «թարմացնել և ամրապնդել» երկկողմ հարաբերությունները Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև։