Բելառուսի ԱԳՆ–ն նոտա է փոխանցել հայկական կողմին

ՌԴ ԱԳՆ
Դեսպանի բացակայության պատճառով կանչվել է Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանին։ Տեղեկությունը հայտնում է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
ԱԳՆ-ում հանդիպումը վարել է ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովը:
Զուգահեռաբար քննարկվել են երկրների հարաբերություններն ու ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցությունը։ Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին, ընդգծվել են երկու ժողովուրդների վաղեմի բարեկամական կապերը: Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա տոնակատարություններին ընդառաջ նշվել է հայ զինվորների ծանրակշիռ ներդրումը երկիրը գերմանա-ֆաշիստական զավթիչներից ազատագրելու գործում:
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Վիլնյուսում հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Ինչպես հաղորդում է քաղաքական գործչի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ իր հաստատուն դիրքորոշման համար և հույս հայտնել, որ Հայաստանի և Բելառուսի ժողովրդավարական ուժերի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի:
Ավելի վաղ Երևանն իր դեսպանին կանչել էր Բելառուսից, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին արգելել է մեկնել Մինսկ՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների պատճառով: