ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն իր մեքենան նվիրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ–ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Շահրամանյանին սպասարկող մեքենան։
«Տեղի ունեցածն անընդունելի է ու դատապարտելի։ Ես ուզում եմ իմ մեքենան նվիրել ձեզ մեր ժողովրդի ծառայության համար»,– ասաց Բագրատ սրբազանը, որն այցելել է ՀՀ–ում Արցախի ներկայացուցչություն։
Շահրամանյանը հրաժարվեց նվերից` նշելով, որ դրա կարիքը չունեն։
«Գիտեմ, բայց սա կարևոր արարք է, որը պետք է հստակ ուղերձ լինի այն մարդկանց, որոնք չնչին, էժան տարբերակով փորձում են ճնշել որևէ ձևով»,– ընգծեց շարժման առաջնորդը։
Հիշեցնենք` քննիչը լրագրողներին հայտնել էր, որ Արցախի ներկայացուցչությունում գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում, այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ նախաքննական գաղտնիք է։