ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագրում օգնության տրամադրման կետի դեմ կարող են առարկել միայն նրանք, ովքեր ագրեսիա են ծրագրում այդ երկրների նկատմամբ: Ալմաթիում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե ինչ-որ մեկը կասկածի տակ է դնում այդ կետի իրավաչափությունը, պետք է այն ուշադիր կարդալ, այնտեղ նշվում է, որ կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում երկրորդը նրան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի և Ռուսաստանի ու ԿԺԴՀ-ի ազգային օրենսդրության համաձայն», - ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ այստեղ բացառապես պաշտպանական դիրքորոշում է։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փհենյան պետական այցի շրջանակում Կիմ Չեն Ինի հետ ստորագրել էր ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր:
Հաջորդ օրը Հարավային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչ Լիմ Սու Սոկը հայտարարեց, որ Սեուլը ցավում է Մոսկվայի և Փհենյանի հնարավոր ռազմական և տեխնիկական համագործակցության համար, որն իբր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում է: Հունիսի 21-ին Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպան Գեորգի Զինովևին՝ բողոք հայտնելու Փհենյանում Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև կնքված պայմանագրի կապակցությամբ: