ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ակնկալում է, որ Հայաստանը պաշտոնապես կհստակեցնի կառույցում իր կարգավիճակը։ Կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, այնուամենայնիվ, կպարզաբանի իրավիճակը և կլինի պաշտոնական որոշում` լինե՞լ կազմակերպության կազմում, թե՞ ոչ»,– ասել է նա։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին։
Մինչդեռ, Տասմագամբետովի խոսքով, ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը:
«Հայաստանը եղել է և կա մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են։ Կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի սուվերեն իրավունքն ու որոշումն է»,– ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: