«Երևաննախագծի» 4 հոգանոց խմբով Երևանի գլխավոր հատակագիծ են մշակում. Sputnik Արմենիայի եթերում ասել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ, քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը` խոսելով մշակվող նոր քաղաքային զարգացման փաստաթղթի մասին։
«Ստեղծում ենք տպավորություն, թե փորձում ենք լուծել Երևանի քաղաքային զարգացման խնդիրները։ Ուրիշ բան չենք անում։ Իրականում դա ոչ միա խնդիր էլ չի լուծելու»,– ասել է Պետրոսյանը։
ՀՀ Քաղաքաշինության օրենքի համաձայն` Հայաստանի բոլոր այն համայնքները, որոնք չեն ունենա գլխավոր հատակագիծ, հուլիսի 1-ից կզրկվեն քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու իրավունքից։
Երևանն այս պահին այդ կարգավիճակում գտնվող համայնքների ցանկում է։ «Երևաննախագիծ» ընկերության տնօրեն Անդրանիկ Սեդոյանը քաղաքապետարանի լրատվական ծառայությանը հայտնել է, որ իրենք արդեն ավարտում են մայրաքաղաքի գլխավոր հատակագծի մշակման առաջին փուլը, որից հետո այն կներկայացվի ավագանու հաստատմանը։
Արդյունքում, քաղաքային իշխանությունների մեկնաբանմամբ, Երևանում շինարարությունը ոչ միայն կանգ չի առնի, այլև հատակագիծը հետագայում կթվայնացվի, ու կատարված քաղաքաշինական ցանկացած փոփոխություն անմիջապես կարտացոլվի նաև հատակագծում։